Չարենց, Հարդագողի ճամփորդները

Մենք չհասկացված մնացինք ու այդպես էլ կմնանք։ Մենք կծնվենք ու կմեռնենք մենակ, մենք կսիրենք ու կատենք, բայց հասկացված չենք լինի։ Ի՞նչու լինենք հասկացված, գեթ մեկ անգամ կարիք չունենք։

Կարծում եմ հասկացված լինել պետք չէ, քանի որ ամենքս սպասումով լցված երազում ենք հասկացված լինել, բայց չէ որ ծնվում ենք մենակ ու մեռնում ենք մենակ, մեծ բան կլիներ հասկանալ ինքներս մեզ և նոր սպասումով լցվել ու տառապել․․․ քայլ առաջին՝ հասկացիր ինքդ քեզ, քայլ երկրորդ՝ դադարիր սպասել։

Քույրը խնդաց, բարեկամը ծիծաղեց,
Օտար մարդիկ հայհոյեցին ու անցան։
Միայն պոռնիկը մշուշում համբուրեց,
Եվ խելագարը բարևեց կիսաձայն։
Հոգ չէ, որ մեր օրերն անցան տենդի պես,
Կյանքը դարձավ անմխիթար զառանցանք.
― Մենք կժպտանք, գո՜հ կժպտանք մեռնելիս,
Որ երազում երազեցինք ու անցանք․․․

Եվ իրոք ինչ է մնում անել եթե ոչ ժպտալ, ժպտալ մեռնելիս․․․ Քույրը կխնդա, բարեկամը կծիծաղի, օտար մարդիկ միշտ էլ կհայհոյեն ու կանցնեն, պոռնիկին միշտ էլ միևնույն կլինի, իսկ խելագարը ավելին անել չի կարողանա․․․ Մեր օրերը կանցնեն տենդի պես ու կյանքը կմնա անմխիթար զառանցանք․ Երազում ու թե կյանքում կերազենք ու կանցնենք․․․

Leave a comment