Հայաստանի կոտրվող ողնաշարը…

 Տարին 12 ամիս թունավորվում է մեր հայրենի հողը, ջուրը, օդը… Սա պատերազմ է առանց զենքի: Պատերազմ, որտեղ մենք կրում ենք պարտություն պարտության հետևից, այս պատերազմի համար պատասխանատու ենք բոլորս: Մեր անտարբերության, չիմացության պատճառով մենք ամեն օր կորցնում ենք այն, ինչ պետք է ապահովի մեր ու մեր սերունդների ապագան, մեզնից յուրաքանչյուրը` զբաղված իր գործով, մոռանում է, որ մի օր կարող է արթնանալ և տեսնել, որ իր տունը վերածվել է ապրելու համար վտանգավոր, անապատացած հողակտորի…:

Ի՞նչ է պոչամբարը

Պոչամբարն այն կառույցն է, որտեղ առանձնացվում և ամբարվում են քիմիական վերամշակման հետևանքով առաջացած թունավոր, վտանգավոր քիմիական թափոններն ու հանքաջրերը։ Դրանք հիմնականում կառուցվում են հանքավայրերին մոտ տարածքներում: Գործող պոչամբարներն առաջին հայացքից նման են լճերի, բայց, ի տարբերություն դրանց, պոչամբարները «հարուստ» են կյանքի համար վտանգավոր, թունավոր նյութերով: Պոչամբարները գործում են մինչև նախագծով դրանց համար նախատեսված ծավալի սպառումը կամ հանքավայրի շահագործման ավարտը: Պոչամբարները փակվում են՝ պատվելով հողային շերտով, որի վրա այնուհետ բուսականություն է աճեցվում: Այդպես փորձ է արվում կանխել պոչամբարներում կուտակված վտանգավոր նյութերի ներթափանցումը բնական միջավայր:

Հայաստանում խնդիրն ակնառու է, քանի որ պոչամբարների կառուցումն ու դրանց մեկուսացումը շրջակա միջավայրից կատարվում է հիմնականում ոչ միջազգային չափորոշիչների համաձայն:

Leave a comment